Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս համաձայնագրով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

«Ներկայումս ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը, որի կողմ են նաեւ ԵՏՄ անդամ պետությունները, ըստ որի` կողմերի քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «տարածքային» սկզբունքով. կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը:

Այսինքն, համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը՝ անկախ նրանից, թե որ երկորւմ է ձեռք բերվել աշխատանքային ստաժը»,-ասաց բաթոյանը, որ առաջարկվող համաձայնագրով քաղաքացիների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն նոր սկզբունքով:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները: Այսինքն Հայաստանում ապրող եւ Հայաստանի դուրս ապրող քաղաքացիների համար կգործի նույն սկզբունքը:

Ըստ համաձայնագրի նախատեսվում է, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը:

Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,

Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչեւ Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը:

Բաթոյանը նշեց, որ առաջին վճարումները կլինեն 2021 թվականից, եւ այն երկրում, որտեղ ձեռք է բերվել ստաժը, այդ երկիրը պետք է վճարի կենսաթոշակը: «Եթե մարդը մեկ տարի աշխատել է Հայաստանում, երեք տարի ԵՏՄ այլ երկրում, մենք կենսաթոշակը վճարելու ենք այն տարիների համար, երբ նա աշխատել է Հայաստանում»:

Նշվեց, որ կենսաթոշակառուն մեկ աղբյուրից է ստանալու կենսաթոշակը, սակայն այն հավարկելու է տարբեր պետություններում եւ փոխանցվելու է այնտեղ, որտեղ գտնվում է կենսաթոշակառուն: