Հայաստանում պոչամբարների անվտանգության հետ կապված կա օրենսդրություն, ընթացակարգը սահմանված է, բայց բոլոր պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն տնտեսվարողն է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, օրենսդրությամբ, առաջին փուլում ՇՄԱԳ-ի միջոցով ուսումնասիրվում է, հետագայում ԱԻՆ-ն ունի տեխնիկական անվտանգության գործընթաց, որն ավելի ընդհանրական է:

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարին, նա նշեց, որ այդ խողովակաշարը կառուցվել է ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ որոշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պոչերը տասնյակ կմ-ով խողովակներով տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար:

Նախարարը նշեց, որ հանքարդյունաբերող ընկերությունները իրենց նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ. «Մեր հանդեպ պարտավորություններ ունեն, որ աղտոտում չլինի, չափաքանակներից ավելի ջրառ չլինի: Բայց քանի որ կարգավորումները մեծ մասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, ծիծաղելի ցածր են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, եւ եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500-600 հազար դրամը  եւ չանհանգստանալ»: