Պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կազմակերպած մամուլի ասուլիսին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տպավորություն է, թե երկրի կյանքը պտտվում է Բալասանյանի հնչեցրած «անհեթեթ» օրակարգի շուրջ: Ընդ որում, Քոչարյանը նշեց, որ իրենք Բալասանյանին չեն կանչի 2016-ի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողով, «քանի որ Վիտալի Բալասանյանն այդ օրերին չէր կարող որեւէ որոշում կայացնել, քանի որ համապատասխան պաշտոն եւ իրավասություններ չուներ»: «Նա բանակի կառավարման համակարգում ներառված չէր, քանի որ վաղուց զորացրվել էր եւ ստացել ԱԽ քարտուղարի պաշտոնն արդեն 2016-ի ապրիլի իրադարձություններից հետո»,- նշեց հանձնաժողովի նախագահը:   

Նա նաեւ քննադատեց Բալասանյանի այն հայտարարությունը, թե նա այդ օրերին աջակցել է բանակին եւ նույնիսկ մասնակցել ուժերի տեղաբաշխման եւ հակառակորդի դիրքերի եւ մարտական հաշվարկների ուղղությամբ հարվածներ հասնելու հարցով որոշումների կայացմանը: «Այդ օրերին բոլորն էին աջակցում առաջնագծում մեր զինվորներին: Սակայն ոչ ոք իրեն չէր գովաբանում: Ես չեմ պատկերացնում, որ մի մարդ, որը լքել է բանակը, կարող է հրամաններ տալ բանակային կառույցներին, եւ որ այդ հրամանները կատարվեն: Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված կորպուսի հրամանատարը: Վիտալի Բալասանյանի խոսքերից ստացվում է, որ մենք այդ օրերին բանակ ընդհանրապես չենք ունեցել»,- դժգոհեց Անդրանիկ Քոչարյանը: