Մենք ուսումնասիրել ենք «Էլարդի» տվյալները, նաեւ հարցումներ ենք ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ «Հիդրոմետ»-ին, որը տվել է տեղեկատվություն գոլորշիացման հետ կապված: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադնալով հարցին, թե ի վերջո Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե ոչ:

«Օրինակ, «Էլարդը» նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ կապված, գերագնահատված է գոլորշիացումը: «Հիդրոմետը» եւս ասել է, որ գոլորշիացումը 3 անգամ ավել է ներկայացված եղել: Հիմա այնտեղ կան տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվի Քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում, այն վերլուծությունը, որ մենք ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ: Այնտեղ կա որոշակի առաջարկություն նախագծի որոշակի փոփոխության վերաբերյալ: Մենք 12 կետով ներկայացրել ենք մեր մտահոգությունները, այն անհամապատասխանությունները, որոնք գտել ենք «Էլարդի» եզրակացության եւ Ակադեմիայի աշխատանքների հիման վրա: Այսինքն, թե ես ցանկանում եմ, չեմ ցանկանում, ընդհանրապես, ոնց եմ նայում, էական չէ»,-ասաց նախարարը:

Նա նաեւ հավելեց. «Եթե ներկայացրել ենք այդ փաստաթուղթը, նշանակում է, որ այդ փաստերը առնվազն ստուգման, ուսումնասիրման, պարզաբանման կարիք ունեն»: