Դժվար է հիմա մեկնաբանել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

«Դժվար է հիմա մեկնաբանել, որովհետև այդ հոդվածը նախկինում երբեք չի կիրառվել Հայաստանում: Քանի որ հոդվածը ենթադրում է այդ թվում «Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով» ՍԴ լիազորությունների տիրանալը, քրեական իրավունքի տեսանկյունից պետք է մեկնաբանվի՝ ինչ է նշանակում այլ եղանակը: Ամենայն հավանականությամբ, այդ դրույթի հիման վրա է քրեական գործ հարուցվել, քանի որ հոդվածի առաջին հատվածը ենթադրում է իշխանությունը զավթելը բռնություն գործադրելու միջոցով, բնականաբար բռնության հարցն այստեղ չի կարող լինել, քանի որ քիչ թե շատ հասկանալի է՝ ինչի հիման վրա է Արման Բաբաջանյանի հաղորդում տվել: Այսինքն մեկնաբանության առարկա է, թե ինչ է նշանակում «այլ եղանակով», ինքնին այն անորոշ է, իրավական որոշակիությամբ օժտված չէ, եւ ես չեմ հիշում, որ այն նախկինում կիրառված լինի, չեմ հիշում նախադեպ, որևէ մեկնաբանություն: Հետեւաբար, այս պահի դրությամբ իրավաբանորեն անորոշ է, թե ինչպես են իշխանությունները հիմնավորելու, որ ՍԴ նախագահի լիազորություններն ավելի վաղ ստանձնելը, քան սպասվում էր, հանցակազմ է»,- նշել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ: