ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշում կայացրեց 2019-ի պետական բյուջեով համայնքների համար արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել  403,434.9 հազար դրամ:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում մոտ 1,163 մլրդ դրամ, որից ՀՀ բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է մոտ 403 մլն դրամ:

Նա ընդգծեց, որ հաճախ առկա միջոցները եւ ծրագրերը կատարելու կարողությունները իրար չեն համընկնում. «Այսինքն լինում են դեպքեր, որ ՀՀ կառավարության տրամադրած դրամական միջոցների պայմաններում մրցույթ է հայտարարվում, բայց ոչ մեկը մրցույթին չի մասնակցում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ժպիտով նկատեց. «Դե բոլոր կազմակերպություններին զբաղեցրել ենք տարբեր պատվերներով, էլ մնացե՞լ են, որ մասնակցեն: Օրինակ ճանապարհաշինությունում ռեալ այդ վիճակն է, բոլոր ընկերություններն այնքան պատվեր ունեն, որ..»:

Փաշինյանը դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալին ասաց. «Սադրեցիք, որ սա պատմեմ: Դուք գիտեք, որ ինքը երկար տարիներ զբաղվում է ԱԱԾ տնտեսական բլորկով՝ շինարարություն, վերանորոգում: վերջին անգամ ասում էր, որ այս տարի խնդիր ունի, որ իր ավանդական պարտնյորները հրաժարվում են նոր գործեր վերցնել, որովհետեւ ասում են՝ այնքան գործ ունենք, որ նորը չենք կարող վերցնել: Սա լավ նորություն է եւ ես հույս ունեմ, որ այս տեմպը կպահենք: Այդ ընկերությունները իրենց ծավալները հաջորդ տարի կընդլայնեն, որ կարողանան այդ պատվերները իրենց վրա վերցնել: Մենք այսօր ճանապարհաշինության ոլորտում աշխատուժի ներգրավման խնդիր ունենք, շինարարության ոլորտում, գյուղատնտեսության մեջ աշխատուժի ներգրավման խնդիր ունենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում պետք է ապահովել որակ:

«Անորակ աշխատանքի համար ուղղակի չենք վճարելու»,-ընդգծեց նա: