Հինգշաբթի բրիտանական ֆունտ սթերլինգի փոխարժեքը մյուս արժույթների նկատմամբ կտրուկ աճել է Brexit-ի պայմանների մասին նոր համաձայնագրի հասնելու մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Բրիտանական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեւորվել է 0,81 տոկոսով՝ մինչեւ 1,2935, հասնելով հնգամսյա առավելագույնին, եվրոյի նկատմամբ փոխարժեքն աճել է 0,37 տոկոսով՝ մինչեւ 1,1626:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցողները 2 օր տեւած անընդմեջ բանակցություններից հետո համաձայնության են եկել Brexit-ի պայմանների շուրջ, հինգշաբթի իր Twitter-յան էջում նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից: Brexit-ը սկզբում նախատեսված էր 2019 թվականի մարտի 29-ին, սակայն բրիտանացի խորհրդարանականները 3 անգամ մերժել էին Եվրամիության հետ  համաձայնագրի նախագիծը, արդյունքում՝ միությունից դուրս գալը տեղափոխվել էր ապրիլ, այնուհետեւ հոկտեմբերի 31: