Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք արել, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաեւ բարձր որակական չափանիշներ ենք դնում: Եթե աչք փակենք այդ ստանդարտների վրա, գուցե կատարենք եւ գերատարենք էլ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք, ինչը նաեւ քաղաքական շահարկումների առիթ է տալիս:

«Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ ունենք փող, որ դուրս գանք ու ուղղակի բաժանենք: Այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի: Երբ ասում ենք չունենք փողի խնդիր, նկատի ունենք կապիտալ ներդրումներ անելու համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինը ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասը ավելացել է 21,6  տոկոսով:

«Մենք ռազմավարության վրա աշխատում ենք եւ եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծրագրերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք մեգածրագրեր, եւ այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ընդգծեց նա: