Զոհված զինծառայողների մայրերը այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խնդրեցին աջակցություն տրամադրել նաև զոհված զինծառայողների ընտանիքներին կառավարության հնարավորությունների չափով, ինչպես աջակցություն են տրամադրում «Մարտի 1-ից» տուժածներին ու զոհվածների հարազատներին։

«Եթե մեր զինվորների և զինծառայողների հարցն է, պետությունն ինքը կորոշի, թե ոնց է լուծում խնդիրները, իհարկե, Ձեզ  հետ քննարկելով, մեզ պետք են ռացիոնալ որոշումներ։ Ձեր բարձրացրած հարցի առնչությամբ ես իմ օգնականին հանձնարարեցի, որ Ձեզ հետ հանդիպմանը հարցը ձևակերպվի և ներկայացվի ինձ, ես կդիտարկեմ, թե որքանով է հարցը, շեշտադրումն արդարացված, արդեն մեր արձագանքը դրան կլինի։ Եկեք այս կետի վրա պայմանավորվենք»,–նշեց վարչապետը։

Վարչապետը խնդրանքով դիմեց զինվորների մայրերին.  «Ես Ձեզ այս հարցի և մյուս հարցերի հետ կապված մի խնդրանք ունեմ՝ մի ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որ կառավարությունում մտածեն ավելի լավ է թողենք բոլորին հավասար վատ վիճակում, քան սկսենք հարցեր լուծել։ Օրինակ, մի գյուղի ճանապարհը կառուցում ենք, մյուս գյուղն ասում է՝ բա ինչի մեր ճանապարհը չեք կառուցում։ Բոլոր ճանապարհները միաժամանակ հնարավոր չի կառուցել»։

«Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը վարչապետի համեմատությունից վրդովվեց.   «Նժարին մի դրեք զոհվածների ընտանիքներին ասֆալտապատման խնդրի հետ։ Ես կարող եմ հիմա Ձեր ընդունելությունը լքել, դուք բերում ասֆալտապատման հարցը հավասարեցնում եք զոհվածի մոր բարձրացրած հարցի հետ։ Ասֆալտն ու սա նույնը չէ»։

Փաշինյանը արձագանքեց. «Ես ներողություն եմ խնդրում, եթե տպավորուոթյուն է ստեղծվել, թե ես համեմատում եմ անհամեմատելին»։

Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ «1000 դրամների» հիմնադրամի համար վճարում են ՀՀ աշխատող քաղաքացիները, կառավարությունը որևէ դեր չունի այդտեղ, ինչին ի պատասխան վարչապետը շեշտեց՝ բյուջեն ևս ձևավորում են ՀՀ քաղաքացիները։

Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ զոհված զինծառայողների բոլոր ծնողները չեն եկել, քանի որ մայրերը, որոնք եկել են հանդիպմանը, ասել են, որ հարցը իրենք կներկայացնեն վարչապետին, ինչին վարչապետն արձագանքեց. «Ես ասացի, որ զինվորների խնդիրները մեր ուշադրության կենտորում են։ Ես ՀՀ քաղաքացիների հետ կարող եմ ուղղակի շփվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, միջնորդների կարիք չունեմ  և խնդրում եմ ինձ համար միջնորդություն չանել»։