Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետեւյալ պատկերը՝

Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Արմենուհի Ադամյանին), հայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք` չոր թխվածքաբլիթ, իսկ ճաշարանում մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նեկտար, բուսական յուղ պարունակող թթվասերային մթերք եւ յոգուրտային արտադրանք:

Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Մարգարիտ Նահապետյանին) եւ ճաշարանում նույնպես արձանագրվել են խախտումներ: Բուֆետում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած եւ թերի մակնշմամբ շոկոլադե սալիկներ, չոր թխվածքաբլիթ, եգիպտացորենի բոված հատիկներ (pop corn), իսկ ճաշարանում՝ պիտանիության ժամկետն անցած մածուն եւ մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Ճաշարանը չի ունեցել նաեւ օդափոխման համակարգ եւ հանդերձարան: Այստեղ հայտնաբերվել է նաեւ մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձեւ 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական: Խնդրի առնչությամբ արդեն դիտարկում է բացվել թե մսի մատակարարարի մոտ, թե կեղծված փաստաթուղթը տրամադրած սպանդանոցում: Վերահսկողության արդյունքերը կհրապարակվեն:

Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ տեսուչների այցելության պահին չի գործել: Ճաշարանում, որտեղ աշակերտներին տրամադրվում է նաեւ տաք սնունդ, հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած մածուն եւ մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Բացակայել են օդափոխման համակարգը, միջատապաշտպան ցանցերը եւ հանդերձարանը:

Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ այցելության պահին կապարակնքված է եղել ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Ճաշարանը եւ ճաշասենյակներն ունեն վերանորոգման կարիք, ճաշարանը չի ունեցել օդափոխման համակարգ, միջատապաշտպան ցանցեր, ճաշասենյակները՝ լվացարաններ:

Պիտանիության ժամկետն անցած բոլոր մթերքները Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում ոչնչացվել են, իսկ թերի մակնշմամբ եւ մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մթերքների համար տրվել են իրացումը կասեցնելու կարգադրագրեր: Տրվել են նաեւ թերությունները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

Այսօր ՍԱՏՄ տեսուչները դիտարկում կանցկացնեն Արտաշատի թիվ 3 հիմնական եւ ավագ դպրոցներում:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է  Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված եւ մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ եւ տրվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում: Հոկտեմբերի 16-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի եւ Երեւանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի դպրոցներում: