Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, «ԿԱՄԱԶ»-ը բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետեւանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, որոնք իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ КамАЗ -ից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների ժամանելը, КамАЗ -ի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: