Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարից արտահոսքի արդյունքում Ողջի գետի աղտոտումը բնապահպանական լուրջ աղետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Աղետ, որի մասին խոսում ենք, երբ այն տեղի է ունենում, միշտ վստահ լինելով, որ այն բացառիկ էր եւ չի կրկնվի:

Աղետի հետեւանքով վնասվում են կոմբինատից աշխատավարձ ստացող եւ հետո առողջության վրա ծախսող (կամ էլ չծախսող) կապանցիները: Եվ շարունակվում է կարեւորվել վճարված հարկերը, որոնք, այդ թվում չկատարված բնապահպանական ծրագրերի պատճառով, կառավարությունը ավանդ է դնում ԿԲ հաշվին, ԿԲ էլ արտարժույթ է առնում եւ իր հերթին ավելացնում է արտաքին պահուստները:

Այս ամենը նաեւ պարզ է հանքարադյունաբերության ոլորտի արդյունավետությունը նկարագրող ներդրման ինդեքսով, որով գտնվում ենք աշխարհում վերջից 14-րդ տեղում՝ առաջ անցնելով միայն աֆրիկյան եւ միջինասիական երկրներից:

Հանքարդյունաբերությունը որպես ոլորտ աղետ է Հայաստանի համար, որից օգտվում են ընդամենը մի քանի հոգի»: