Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաեւ դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի եւ անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարեւոր նկատելով, որ ձեւավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի եւ Ճապոնիայի դեսպանատան միջեւ ձեւավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության եւ վերականգնման գործում, ինչպես նաեւ զորակցություն ցուցաբերվում Տավուշի թեմին կրթական- սոցիալական կենտրոնի ծրագիրը կյանքի կոչելու հարցում:

Իր հերթին Ճապոնիայի վարչապետի խորհրդականն անդրադարձավ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններին եւ գործակցության հետագա զարգացման հեռանկարներին՝ հաստատելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման եւ խորացման գործում առավել մեծ ձեռքբերումներ արձանագրելու համար:

Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաեւ թանգարան: