Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեն (Lee Sok-bae) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպման ընթացքում Ավետ Ադոնցը և Լի Սոկ-Բեն քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների:

ԿՀ դեսպանը ներկայացրել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի շուրջ տիրող իրավիճակը։

ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները։