ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1989թ., արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երեւան քաղաքի բնակչուհուց պահանջել է գումար՝ պատճառելով զգալի չափերի վնաս:

Բացի այդ,  նույն անձը,  սեռական բնույթի ձայնագրությունները ինտերնետային կայքէջից ջնջելու կեղծ պատրվակով, խարդախությամբ փորձել է Արմավիր քաղաքի բնակչուհուց հափշտակել զգալի չափի գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Պարզվել է նաեւ, որ 30-ամյա տղամարդը 2016-2018թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով  քաղաքացիներից  հափշտակել է գումարներ՝ վերջիններիս պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: