ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ուղարկվել էր Սիրիայում քրդական տարածքների վրա թուրքական բանակի հարձակումից առաջ, նետվել է աղբարկղ ստացողի կողմից, տեղեկացնում են BBC-ի թուրքական ծառայության աղբյուրները։

Գաղտնի ուղերձի տեքստը, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել էր հոկտեմբերի 9-ին, հրապարակվել է միայն մեկ շաբաթ անց։ Դրա իսկությունն ամերիկյան հեռուստաալիքին հաստատել են Սպիտակ տանը։

Նամակը լիքն է խոսակցական արտահայտություններով, որոնք բնորոշ են Դոնալդ Թրամփի թվիթներին։

«Հարգելի պարոն նախագահ,

Եկեք լավ գործարք քննարկենք։ Դուք չեք ուզում, որպեսզի Ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց կոտորածի եւ սպանությունների համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատու լինել թուրքական տնտեսության քայքայման համար, բայց ես կարող եմ (այն քայքայել)։ Ես արդեն մի քիչ ցույց եմ տվել Ձեզ դա պաստոր Բրանսոնի օրինակով։

Ես շատ եմ աշխատել, որ լուծեմ Ձեր խնդիրները: Եկեք ամբողջ աշխարհին անհարմար դրության մեջ չդնենք: Դուք կարող եք հրաշալի գործարքի հասնել: [Քուրդ] գեներալ Մազլումը կցանկանար ձեզ հետ բանակցություններ վարել, եւ նա պատրաստ է փոխզիջումների գնալ, որոնց անցյալում երբեք չէիք հասնի: Ես գաղտնի նրա նամակի կրկնօրինակը կցում եմ իմ նամակին, որը հենց նոր եմ ստացել:

Դուք պատմության մեջ կմտնեք շահավետ լույսի ներքո, եթե ճիշտ ու մարդասիրաբար վարվեք: Բայց այն Ձեզ ընդմիշտ որպես հրեշ կհիշի, եթե գործը լավ սցենարով չընթանա: Ձեզնից լավ տղա մի երեւակայեք: Մի՛ եղեք հիմար: Ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»:

Անկարայի կառավարական շրջանակներում կարծում են, որ նամակը «զուրկ է դիվանագիտական քաղաքավարությունից»: Անկարայում աղբյուրները BBC-ի թուրքական ծառայութանը հաստատել են, որ Էրդողանը նամակը ստացել է, կարդացել այն եւ «նետել աղբարկղը»:

Նամակի պատասխանն էր Էրդողանի հրամանը Սիրիայում թուրքական բանակի «Խաղաղության ակունք» կոչվող գործողության մեկնարկի մասին:

Նախագահական նամակի մասին առաջինը իր թվիթերյան էջում հայտնել է Fox հեռուստաընկերության լրագրող Թրիշ Ռիգանը: Սպիտակ տունը լրատվամիջոցներին հաստատել է նամակի իսկությունը: