Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Բաղդադի հետ քննարկել է Սիրիայի հյուսիսից ջիհադիստների հնարավոր ներթափանցումը Իրաք՝ Սիրիա Թուրքիայի ներխուժման ֆոնին, հաղորդում է AFP-ը:

Եվրոպան մտահոգված է, որ թուրքական գործողությունները կհանգեցնեն նրան, որ «Իսլամական պետության» 12 000 գրոհայիններ, որոնք գտնվում են սիրիացի քրդերի վերահսկողության տակ, փախուստի կդիմեն:

Այդ հարցը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի եւ Իրաքի նրա գործընկեր Մոհամմեդ Ալի ալ-Հաքիմի, նախագահ Բարհամ Սալեհի եւ վարչապետ Ադել Աբդել Մահդիի միջեւ բանակցությունների օրակարգում էր: Լե Դրիանի խոսքով՝ ինքն իրաքցի առաջնորդների հետ քննարկել է «համապատասխան դատական մեխանիզմի իրականցման միջոցները»՝ ֆրանսիացի եւ այլ գրոհայինների «լավագույն պայմաններում» դատելու համար:

Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ՝ նպատակն այն էր, որ օտարերկրացի ջիհադիստները դատարանի առջեւ կանգնեն արդարության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների պահպանմամբ: Խնդիրներից մեկը կլինի Իրանի կողմից կիրառվող մահապատիժը, որն արգելված է ԵՄ տարածքում:

Այս շաբաթ իրավիճակի գնահատման համար Բաղդադ տեխնիկական առաքելություններ են ուղարկել Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդներն ու Շվեդիան:

«Ամերիկացիների, անգլիացիների, ֆրանսիացիների եւ իրաքցիների միջեւ բանակցություններ են ընթանում բանտերի կառուցումը ֆինանսավորելու շուրջ»,-AFP-ին ասել է իրաքցի փորձագետներից մեկը: Հարյուրավոր օտարերկրացիներ են մահապատժի կամ ցմահ ազատազրկման դատապարտվել Իրաքում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար, նրանց թվում՝ ֆրանսիացի 11 ջիհադիստներ: