ԱԱԾ աշխատակիցները երևի եկել էին՝ տեսնեին, թե ինչ դղյակներ ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին Դարակերտում լրագրողների  հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝  75–ամյա Վարդան Թովմասյանը՝ անդրադառնալով իր տուն ԱԱԾ քննիչների այցելությանը։

Թովմասյանը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցներն ընդամենը հետաքրքրվել են, թե ի՞նչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։

«Ես բան չհասկացա իրենց արած գործից, եկան, տանիքում չափումներ արեցին։ Սա երևի առիթ էր, որ գան տեսնեն՝ ինչ դղյակներ կան։ Ես ասացի՝ եթե պետք է, փաստաբանիս հետ վաղը կգամ ձեզ մոտ, երևի վաղը կգնամ՝ կստորագրեմ»,–ասաց նա։

Վարդան Թովմասյանը հայտնեց, որ վերջին 2 տարվա ընթացքում 3-4 վիրահատություն է տարել։

Հարցին, իր կարծիքով՝ ի՞նչ նպատակ էր հետանդում ԱԱԾ–ի գործողությունը,  Վարդան Թովմասյանն արձագանքեց.

«Դուք ինձնից լավ գիտեք, ես չգիտեմ՝ այս խառնաշփոթն ինչի հետ է կապված»

Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 17–ին  այցելել են Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  75–ամյա Վարդան Թովմասյանի՝  Դարակերտ գյուղում գտնվող տուն։  ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր թովմասյանի դուստրերին։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։