Ամեն տարի հոկտեմբերի 18-ին նշվում է Փողկապի օրը։ Չնայած համաշխարհային տոնի կարգավիճակ չունենալուն՝ այն ավելի ու ավելի շատ երկրպագուների է գրավում եւ շարունակում է հանրահայտ դառնալ տարբեր երկրներում։

Տղամարդկանց եւ կանանց զգեստապահարանի այս աքսեսուարը իր պատմությունն ունի։ Ընդունված է համարել, որ այն մոդայի մեջ է մտել շնորհիվ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIII-ի։ Մոդայի պատմաբանները նշում են, սակայն, նաեւ այն փաստը, որ փոխկապներին նմանվող աքսեսուարներ, որոնք սկիզբ են առնում գործվածքե վզնոցներից, եղել են նաեւ պատմության ավելի վաղ ժամանակաշրջանում։ Այսպես, վզնոցներ են կրել նաեւ Չինաստանի բանակի զինվորները, ինչպես նաեւ՝ հռոմեական զինվորականները։

Այնուամենայնիվ, հենց Լյուդովիկոս XIII-ի պալատում են գործվածքից վզնոցները մտել առօրյա կյանք՝ որպես մոդայի տարր։ Դրան նպաստել են հանգամանքները, որոնք կապված են Փարիզում խորվաթական վարձու գնդերի գտնվելու հետ։ Հենց նրանք էին կրում վզնոցներ, որոնք համազգեստի տարր էին համարվում, եւ հենց նրանցից է ֆրանսիական թագավորը փոխառել այն՝ մտցնելով մոդայի մեջ։ Ֆրանսերենում այս աքսեսուարը ստացել է cravat (ֆրանսերեն «խորվաթ» բառից) անվանումը եւ համարյա նույնն է մնացել եվրոպական շատ ժողովուրդների լեզուներում։ Ռուսալեզու галстук անվանման հիմքում հոլանդական կամ գերմանական Halstuch արմատն է։