Bonhams աճուրդային տունը վաճառքի է դրել աշխարհի ամենաառաջին ավտոմեքենաներից մեկը՝  1901թ․ Panhard-Levassor Type A2 մոդելը, հայտնում է Motor-ը։

Այսօր ֆրանսիական Panhard ավտոարտադրող ընկերությունն այլեւս գոյություն չունի, դրա բաժնետոմսերը իրենց մեջ բաժանել են Citroen-ը եւ ռազմական զրահապատ մեքենաներ արտադրող Auverland-ը։ Սակայն ժամանակին ընկերությունը իսկական թռիչք էր գործել՝ Ֆրանսիայի համար ստեղծելով առաջին ժամանակակից ավտոմեքենան։

Այսօրվա դրությամբ պահպանվել է այդ մոդելի հինգ օրինակ, սակայն միայն վաճառքի հանված ավտոմեքենան ունի «տոհմական» պատմություն։ 1927թ․ այն առաջին անգամ ներկայացվել է Լոնդոն-Բրայթոն մրցավազքում, իսկ դրանից հետո հասցրել է մասնակցել եւս 60 տարբեր մրցավազքերի։

Ինչպես վկայում են գործարանային փաստաթղթերի կրկնօրինակները, աճուրդի հանված ավտոմեքենան պատվիրել է անձամբ Ռենե Դե Կնիֆը՝ իր ժամանակների լավագույն եւ հանրահայտ մրցարշավորդներից մեկը։ 1897թ․ ընկերության տնօրենի մահվանից հետո Կնիֆը զբաղեցրել էր նրա տեղը։

Աճուրդի կազմակերպիչների նախնական գնահատականներով, նոր սեփականատերն ավտոմեքենայի համար առնվազն 200-250 հազար ֆունտ սթեռլինգ պետք է վճարի։

Սակայն, հաշվի առնելով այս լոտի հարուստ պատմությունը եւ յուրահատկությունը, ամենայն հավանականությամբ, վերջնական արժեքը շատ ավելի բարձր կլինի։