Ճապոնիայի առջեւ ներկայում կանգնած գլխավոր խնդիրներից մեկը ծերացումն է։ Այս մասին Հայաստանում Գլոբալ ինովացիոն համաժողովի ընթացքում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Խաշեգավան։

Նա նշեց, որ Ճապոնիան, հավանաբար, խնդիրների հաղթահարման առումով ամենաառաջադեմ երկրներից է, սակայն հիմնական խնդիրները, որոնց բախվում է երկիրը, ծերացումն է եւ կլիմայի փոփոխությունը։

«Ճապոնիան ծերանում է հենց հիմա, սակայն վաղ թե ուշ յուրաքանչյուր երկիր կբախվի այդ խնդրի հետ։ Երկրորդ խնդիրը բնորոշ է ոչ միայն Ճապոնիային, այլեւ ամբողջ աշխարհին, եւ դա կլիմայի փոփոխությունն է»,- պարզաբանեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են իրենք պատրաստվում լուծել այդ խնդիրները, Խաշեգավան հավելեց, որ G20-ի հանդիպման ժամանակ իրենք հաջողությամբ պայմանավորվել են ծովային միջավայրի աղտոտվածության կրճատման եւ պլաստիկե թափոնների արտանետումների կանխման համաձայնագրի մասին։

«Մենք նաեւ պայմանավորվել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ օգտագործել թվային տվյալները՝ G20-ի երկրներին բոլորին հասանելի տվյալներ ներկայացնելով»,- հավելեց նա։

«Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին՝ ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

Համաժողովը, որ կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։