Գյումրիի Վարդանանց հրապարակում դպրոցականները, մանկատների, հատուկ հաստատությունների սաները այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Тhank you, world» բառերով իրենց շնորհակալություն են հայտնել աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը (ֆոտոռեպորտաժ):

«Ավրորա» ֆորումի շրջանակում հանրային միջոցառումների մեկնարկը տրվեց Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար երեխաների մասնակցությամբ ընդգծել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը:

Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, երեխաները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը հայտնեցին աշխարհին։ Նրանք ձեռքերը պարզել են վերև, որը երկնքից նայելու դեպքում ստացվում էր «Тhank you, world» բառերը։

Երախտագիտության ֆլեշմոբին մասնակցեցին նաեւ «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, Նիկոլա Ազնավուրը, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Թոմ Քաթինան ու Մարգարեթ Բարանկիցեն, այս տարվա թեկնածուները ու բարի կամքի դեսպանները։

Դպրոցականների ֆոտոուղերձը աշխարհին Թոմ Քաթինան գնահատեց որպես յուրահատուկ շնորհակալություն «այն մարդկանց, որոնք շուրջ 100 տարի առաջ մոտ մեկ միլիոն կյանք են փրկել, օգնել 130 հազար որբերի»։

Հյուրերը շրջեցին նաեւ Գյումրիի պատմական կենտրոնում, այցելեցին «Սև բերդ» ամրոց։