Մեքսիկայի հյուսիսում երկրի ուժայինների եւ ազդեցիկ թմրակարտել «Սինալոայի» անդամների միջեւ տեղի է ունեցել ինտենսիվ փոխհրաձգություն. հայտնաբերվել է կարտելի առաջնորդներից մեկը՝ «Էլ Չապո» («Գաճաճ») մականունով Խոակին Գուզմանի որդին, հայտնում է BBC-ն: 

Թմրաբարոնի որդուն՝ Օվիդիո Գուզման Լոպեսին իրավապահները հայտնաբերել են Սինալոա նահանգի Կուլյական քաղաքում ամենօրյա պարեկման ժամանակ, հայտնել է երկրի անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրազոն:

Ըստ Associated Press-ի տեղեկությունների՝ Ազգային գվարդիայի եւ բանակի 30 ծառայողներ պարեկում էին Կուլյականում, երբ անսպասելի շենքերից մեկից սկսել են կրակել նրանց վրա: Շենքը շրջապատվել է մեծ թվով զինված մարդկանցով, եւ քանի որ թմրակարտելի անդամները գերազանցություն ունեին, ուժայինները հարձակումը հետ են մղել եւ որոշել գործողությունը դադարեցնել: Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Օվիդիո Գուզման Լոպեսը կալանավորվել է, մյուսները հայտարարում են, որ չի հաջողվել նրան ձերբակալել:

Էլ Չապո ընտանիքի իրավաբանը գործակալությանը հայտնել է, որ Օվիդիոն ողջ է եւ ազատության մեջ է:

62-ամյա թմրաբարոն Էլ Չապոյի որդիները, որոնք հանցավոր աշխարհում հայտնի են «փոքրիկ Չապո» անունով, Իսմայել Զամբադոյի (Էլ Մայո) հետ կառավարում են հոր թմրաբիզնեսը, որը 30 տարվա բանտային պատիժ է կրում ԱՄՆ-ում:

«Սինալոա» թմրակարտելը համարվում է ԱՄՆ թմրանյութերի խոշորագույն մատակարարը: