ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի եւ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական եւ մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության ոլորտային ռազմավարությունների մշակմանն ու դրանց ներդաշնակեցմանը, որոնց արդյունքում էլ կհստակեցվի ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում ԱԶԲ ներկայացուցիչներն ընդգծել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, էներգետիկայի ոլորտներում ծրագրերի պատշաճ նախապատրաստումն ու իրականացումը:

Ատոմ Ջանջուղազյանը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը եւ նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Շիվաջի Կշատռապատին իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը եւ եվրապարտատոմսերի թողարկումը: