Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Օհանավան գյուղի իր տան բակից եւ նա նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Խ.-ն է: Ոստիկանները պարզել են նաեւ, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկի տան հարեւանությամբ իր մոտ եղած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել շան ուղղությամբ, ինչի հետեւանքով կոտորակները պատահաբար դիպել են բակում գտնվող Սյուզաննա Խ.-ին:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ սպանված շանը:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կրակողին եւ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: