Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս վերահաստատեց, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել բացառապես պատերազմի միջոցով, հայերի ոչնչացման, ցեղասպանության միջոցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

«Դա նա ցինիկաբար արել է ադրբեջանցի փախստականների հետ հանդիպման ժամանակ, հայկական Մարաղա գյուղում, որի հայ բնակչությունը ցեղասպանության էր ենթարկվել արցախյան պատերազմի ժամանակ: Ալիեւը հայտարարեց, որ հենց այդպես է տեսնում ամբողջ Ղարաբաղում խնդրի լուծումը, ինչպես լուծեցին Մարաղայի պարագայում:

Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանում իշխող ռեժիմի ցինիկությունն ու լկտիությունն անցել է բոլոր սահմանները: Երբ Ալիեւը «Վալդայ» ակումբում անպատկառ հայտարարություններ թույլ տվեց հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին, երբ հայտարարեց, որ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան» մեր մերձավոր դաշնակից Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների ներկայությամբ եւ որեւէ լուրջ հակաճառում չեն ստացել, երբ պարոն Լավրովը ոչ այնքան դրական արձագանքեց մեր վարչապետի հայտարարությանը, երբ Աշգաբադի գագաթաժողովում Ալիեւը լկտիաբար իրեն ցույց տվեց, ինքը լինելով ֆաշիստական երկրի նացիստ ղեկավար, մեղադրեց հայ ժողովրդին նացիզմի փառաբանման մեջ, այն պարագայում, երբ ինքը մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց փաստացի»,-ասաց նա:

Գրիգորի Այվազյանը նաեւ հավելեց, որ այսպիսի գործողությունները հուշում են, որ Ադրբեջանն արդեն պատրաստ է խոսքից գործի անցնել. «Իզուր չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցան ուժային կառույցների եւ վարչապետի փոփոխությունը: Ալիեւը այդ պաշտոններում նշանակեց հլու-հնազանդ մարդկանց, որոնք կենթարվեն իր հրամաններին՝ առանց դրանք քննարկելու: Մենք գտնվում ենք պատերազմի նախաշեմին եւ խաղաղությունը գնալով մշուշոտ է դառնում»,-ասաց նա:

Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերություններին՝ նշելով. «Անշուշտ անհանդուրժելի է որեւէ հակասության ի ցույց դնելը Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջեւ: Այդպիսի արտահոսքերը Ադրբեջանում սին հույսեր են ծնում, որ հայկական կողմերը միահամուռ չեն եւ չի կարողանալու պատասխան տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է աչալուրջ վերաբերվենք Ադրբեջանում տեղի ունեցող քայլերին եւ հայտարարություններին: Ես ուզում եմ հիշեցնել Ալիեւին, որ իրենց կողմից հրահրված նախորդ պատերազմներում խայտառակ պարտություն են կրել եւ եթե հիմա նորից ռազմական գործողություններ լինեն, մենք չպետք է բաց թողնենք պատմական պահը, ջարդենք հակառակորդի ողնաշարը, պատերազմը տեղափոխենք իրենց կողմից վերահսկվող տարածք եւ գնալ մինչեւ Կուր գետը: Միայն այս պարագայում տարածաշրջանում կայուն խաղաղություն կարող է հաստատվել»: