ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան այց են կատարել հոկտեմբերի 14-17-ը:

Այցի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության համաձայն՝ նրանք հոկտեմբերի 15-ին Երեւանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ: 

Համանախագահները հանդիպել են նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ: 

Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղում համանախագահները զրուցել են մարդասիրական հարցերով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ:

Երկու առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում իրենց վերջին զրույցի մանրամասները եւ իրենց գաղափարները, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը: Համանախագահները ողջունել են մարդասիրական եւ անվտանգության կոնկրետ միջոցների ընդունման հեռանկարները՝ ուղղված բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն եւ լարվածությունը թուլացնելուն: 

Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին եւ երկարատեւ պրակտիկային համաձայն, դիտարկման առաքելության բացառիկ կարեւորությունը, եւ երկրներին կոչ արել շարունակել սատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի գործունեությունն ու ապահովել խոչընդոտների անհապաղ վերացումը, որոնք կարող են խանգարել մոնիթորինգային առաքելություններին: Երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են համանախագահների հովանու ներքո մինչեւ տարեվերջ հանդիպելու իրենց պատրաստակամությունը: Համանախագահները մոտ ժամանակներս կմեկնեն Վիեննա՝ տարածաշրջան այցի արդյունքների մասին տեղեկացնելու ԵԱՀԿ մշտական խորհրդին եւ Մինսկի խմբի անդամներին: