Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։ Նշենք‚ որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որեւէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն:

Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաեւ աշխատանքներ են տարվում՝ մինչեւ տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու եւ երթեւեկելի պայմաններ ապահովելու համար։ Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաեւ ճանապարհի սպասարկում։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Թումանյանից մինչեւ Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը։