Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, եւ իշխանությունն օգտվում է այդ բռնապետությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելուն, նա նշեց, որ դա իրեն հիշեցնում է իր մանկությունը, երբ 1930-ականներին՝ ստալինյան ժամանակներում, աքսորել էին իր տատիկին. «Հիմա այսօր տեսնում ենք, որ մի բռնապետ, որ բղավում էր, որ դատավորները վնգստում են, թե կա՞ այդպիսի մի դատավոր, իր ասածները չանի: Հիմա ժողովրդի անունից, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ ցանկանում են իրենց քաղաքական նպատակներն իրականացնել՝ դա հանրությանը մատուցելով որպես անհրաժեշտ միջոց հեղափոխության շարունակության համար:

«Անկախ նրանից, թե նախկինում ինչ է եղել, այո, նախկինում բռնապետներ են եղել, մենք այսօր իրավունք չունենք նույն գործիքակազմով հետապնդել մարդկանց»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով. «Եթե մենք պետք է նախկինների հանդեպ վերաբերվենք էմոցիաներով, վրեժով, ապա չենք ունենալու առաջընթաց, ավելի է խորանալու ճգնաժամը»:

«Այսօր կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, եւ իշխանությունն օգտվում է այդ բռնապետությունից»,- ընդգծեց Փոստանջյանը: