Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 18–ին շարունակվեց քրեական աշխարհում «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստը։

Խոսքը 2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների մասին է, որի հետեւանքով Վահագն Աբգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա թիկնապահը՝ մահացել:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որոնց շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը հրապարակեց գործով մեղադրական եզրակազությունը։

Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովին  խմբի կազմում երկու եւ ավել անձանց` Վահագն Աբգարյանին, նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին եւ Դավիթ Բուդաղյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ եւ սպանել Գագիկ Մոսինյանին։ Արձակված կրակոցները Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին եւ Արամ Խաչատրյանին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ ստացել անհրաժեշտ բուժօգնությունը:

Առաջադրված մեղադրանքում Ալբերտ Բլբուլյանն իրեն մեղավոր չճանաչեց, իսկ Արմեն Կարադավիդովը հրաժարվեց դիրքորոշում հայտնելուց։ Երկու ամբաստանյալներն էլ հրաժարվեցին հարցերի պատասխանելուց։

Այսօրվա նիստին գործով տուժողներից ներկայացել էր միայն Արթուր Մնացականյանը։ Վերջինս Ալավերդցի Վահագի մանկության ընկերն է եւ Կամո Փիրուզյանի սպանության, ինչպես նաեւ Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործերով առանցքային վկաներից մեկը։ Նա «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների ժամանակ եղել է Աբգարյանի հետ։

Նախագահող դատավորն առաջարկեց  տուժողին ցուցմունք տալ, սակայն վերջինս հայտնեց որ պատրաստ չէ։ Նրա ներկայացուցիչ  Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ «հեշտ չի սպանության փորձ կատարած ենթադրյալ անձի աչքերին նայել եւ ցուցմունք տալ»։

Տուժողը հայտնեց, որ ինքը հիմնականում ՌԴ ում է լինում եւ առաջիկայում եւս մեկնելու է Հանրապետությունից։ Նա խոստացավ դատարանին նոյեմբերին վերադառնալ եւ ցուցմունք տալ։

Այսպիսով դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները, այնուհետեւ հարցաքննել գործով տուժողներին, վկաներին, իսկ վերջում լսել ամբաստանյալներին։

Հիշեցնենք, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը, որոնք տեւական ժամանակ գտնվում էին հետախուզման մեջ,  2019 թվականի փետրվարի 5-ին Վրաստանի իրավապահների կողմից արտահանձնվել են Հայաստանի Հանրապետությանը:

Մահափորձի գործով մեղադրվում էր նաեւ Ռաֆիկ Խաչատրյանը, որը սակայն 2018–ի դեկտեմբերին մահացել է քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

Նշենք, որ «Ալեվերդցի Վահագնը» մեկ այլ քրեական գործով ունի ամբաստանյալի կարգավիճակ։ Նա մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ քննիչին եւ քննչականի պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։