ԱԱԾ-ի ներգրավումը քաղաքական գործընթացներում վնաս է հասցնում նրա հեղինակությանը։ Այս մասին լրագրողներին ասել է իրավաբան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում բողոքի ակցիա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ։ Մասնավորապես, Թովմասյանի տարեց հայրը եւ նրա երկու աղջիկները հրավիրվել են ԱԱԾ, իսկ երեկ աշխատակիցներն այցելել են Թովմասյան-ավագի տուն եւ հետաքրքրվել, թե ինչ միջոցներով է նա նորոգել տանիքը։

«Ինչ-որ չեմ հիշում, որ ԱԱԾ աշխատակիցները ստուգեն տանիքները։ Չեմ կարծում, թե ԱԱԾ-ն նման գործառույթներ ունենա»,- նշել է Մելիքյանը՝ շարունակելով. «ԱԱԾ-ն լրջագույն կառույց է, մանավանդ նման աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող  երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, եւ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն նրա աշխատանքին։ Բայց այս ցավալի իրադարձությունների պատճառով  վերաբերմունքը կարող է փոխվել ԱԱԾ-ի հանդեպ։ Հուսով եմ, որ ԱԱԾ հեղինակությանը հասցված հարվածը կհաջողվի նվազագույնի հասցնել»։

Մեկնաբանելով Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմքերը՝ «իշխանության զավթման» փաստով, պատգամավոր Արման Բաբաջանյանի տեղեկության հիման վրա, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ նման «հիմքերը» հեռու են իրականությունից։ «Բայց եթե անգամ այդպես է, նույն օրը պետք էր քրեական գործ հարուցել առնվազն 4 նախկին պատգամավորների հանդեպ, որոնք, դեռ պատգամավոր լինելով, նշանակվել են գործադիր իշխանությունում»,- հիշեցրել է Ռուբեն Մելիքյանը։

Ներկայում ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԱԱԾ շենք։