Երկրաշարժը աղետ չէ, այն երկրաբանական երեւույթ է, որի բացասական հետեւանքներից պատրաստվածության պատշաճ մակարդակի դեպքում հնարավոր է խուսափել: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Դիմակայուն Հայաստան» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը:   

Նրա խոսքով՝ երկրաշարժը կարող է աղետ դառնալ միայն այն դեպքում, երբ հանրությունը խոցելի է:

«Եթե մենք խոցելի չենք, ապա աղետալի հետեւանքներից հնարավոր է խուսափել: Հետեւաբար, ասել, թե մեղավորը երեւույթն է, վտանգը, որը մեր գլխին է գալիս, այնքան էլ ճիշտ դատողություն չէ: Նույնիսկ Անիում ավերիչ երկրաշարժից 700 տարի եւ Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին»,- նշեց Մաթեւոսյանը: Եվ դրանում համոզվելու համար նա լսումների մասնակիցներին խորհուրդ տվեց դուրս գալ փողոց եւ նայել շուրջը:

Նա, մասնավորապես, առաջարկեց քայլել Երեւանի փողոցներով եւ նայել, թե ինչպես են 5 հարկանի շենքի անկյունում 6-րդ հարկ կառուցում:

«Ուզում եմ հարցնել՝ եթե շենքի մի անկյունում ծանրություն կա, ինչպե՞ս այն կդիմակայի: Այդ շենքն արդեն խոցելի կդառնա: Շենքը թեքում ենք մի ուղղությամբ, ապա մեղադրում երկրաշարժին, թե երկրաշարժ եղավ եւ զոհեր ունեցանք»,- նկատեց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորը:

Ինչ վերաբերում է հրդեհներին, փորձագետի կարծիքով, դրանք հաճախ պայմանավորված են մարդկային գործոնով: «Ասեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի է հանգիստ նայել, երբ մարդը ծխախոտը նետում է մեքենայի պատուհանից»,- ասաց Մաթեւոսյանը:

Այդ կապակցությամբ նա նշեց շրջակա միջավայրի անվտանգության համար պատշաճ կրթության ու դաստիարակության կարեւորությունը: Նա հավելեց, որ Հայաստանում մարդիկ իրենց թույլ են տալիս անել այն, ինչ իրենց թույլ չեն տա անել որեւէ այլ երկրում, քանի որ միջավայրը թույլ չի տա։