Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով  համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր.

• մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում

• մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում

• համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում:

Մարզպետն այցելել է արվեստի դպրոցի տարածք,  ծանոթացել մեկնարկելիք աշխատանքների մանրամասներին:

Նշենք, որ շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է:

Ներկայում Ծաղկաձորի արվեստի դպրոցն ունի 67 սան:

Այնուհետև Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով:

Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը:

Ներկայում մանկապարտեզ է հաճախում 74 երեխա:

Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք  50% / 50% համաֆինանսավորմամբ:

Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: 

Նշենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ:

Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%) ՝ համայնքի: