Նրանց, ում ձեռնտու է երկրի ներկայիս իրավիճակը, նրանց շահավետ է Հայաստանի եւ Արցախի թուլացումը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որը մասնակցում է ԱԱԾ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ ակցիան իրականացվում է իրավաբան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ, ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների։

Բարի ծառայություն մաղթելով ԱԱԾ շենքը շրջափակած ոստիկաններին՝ Էդուարդ Շարմազանովն  ընդգծեց, որ գտնվում է այստեղ, որպեսզի ասի պաշտպանության խոսք սահմանադրականությանը, արդարությանը, արդարադատությանը, եւ աջակցություն հայտնի Հրայր Թովմասյանին։ Նրա խոսքով՝ կառավարող ռեժիմը խառնում է քաղաքականությունը իրավական գործընթացների հետ, իսկ իրավական գործընթացները կապել է Թովմասյանի ընտանիքի հետ։ Շարմազանովի գնահատմամբ՝ տեղի ունեցողը շատ է հիշեցնում Բերիայի, Եժովի, Յագոդայի ժամանակները։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ. ամեն ինչ կանենք, որպեսզի 37 թվի վերադարձ  չլինի»,- խոստացել է Շարմազանովը։

Մեկնաբանելով իշխանության զավթման վերաբերյալ մեղադրանքը Թովմասյանի հասցեին՝ Շարմազանովն այն ծիծաղելի է անվանել։ Նրա խոսքով, եթե նման մեղադրանքը հիմնավորված համարենք, ապա նման մեղադրանքներ պետք է ներկայացվեն հենց Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ այլոց։ «Հրայր Թովմասյանն ըտրվել է այն նույն ընթացակարգով, ինչով Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ»,- նշել է Շարմազանովը։ «Կներեք կտրուկ լինելու համար, բայց նրանք բոլորը, ովքեր չեն կզում ռեժիմի առաջ, ենթարկվում են հետապնդումների»,- նկատել է նա՝ ավելացնելով, որ ինչպես պատմությունն է ասում, բռնակալները հաշիվ են տեսնում նրանց հետ, ովքեր կատարում են նրանց քմահաճույքները։ «Թույլ մի տվեք, որ օգտագործեն ձեզ»,- կոչ է արել Շարմազանովը՝ ավելացնելով, որ ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի պարում Փաշինյանի դուդուկի տակ։

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, որը վերջերս Փաշինյանի ձեռքից գեներալ-լեյտենանտի ուսադիրներ էր ստացել: «Ուսադիրները ստացավ եւ ախտորոշում կատարեց՝ կանգ ա՛ռ եւ սթափվիր»,- արձանագրեց Շարմազանովը: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելուն, ապա ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ այդպիսին է ռեժիմի աշխատանքի ոճը՝ «մեկ տարի առաջ հարձակվում էին մեր ընտանիքների վրա»: Շարմազանովը կանխատեսում է, որ ռեժիմը հարձակումները կսաստկացնի, իսկ «մենք կդիմակայենք: Մենք, կոնկրետ ես, պատրաստ ենք պայքարելու: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն հանձնվի: Պայքարելու ենք բոլոր օրինական մեթոդներով՝ ի տարբերություն Փաշինյանի»,- խոստացավ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է իր՝ Հրայր Թովմասյանի ապագային, ապա Շարմազանովը չբացառեց այդ թվում նաեւ կալանավորումը: «Կարող են Թովմասյանին կալանավորել, դե նաեւ ինձ, ձեզ էլ՝ այն պատճառով, որ այդպիսի հարց եք տալիս: Ամեն ինչ կախված է հրամանից: Եթե Նիկոլ Փաշինյանը հրամայի, վաղը ամբողջ խորհրդարանը թմբուկներով եւ դուդուկներով Հրայր Թովմասյանին կգովաբանի»,- նշեց Շարմազանովը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ ՀՀԿ-ի օրոք ոչ մի միջազգային կազմակերպություն չի խոսել երկրում քաղբանտարկյալների մասին, չի եղել դատական իշխանության վրա ճնշում, դատավորներին չեն կոչել «պատերի տակ վնգստացողներ», մարդկանց ԱԱԾ-ով չեն վախեցրել, ասֆալտին չեն փռել, 75-ամյա մարդուն եւ երեխաներին ԱԱԾ քարշ չեն տվել: