Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ սահմանադրական դատարանից։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Վարդևանյանի խոսքով՝ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը։

Վարդևանյանը հայտնեց, որ խնդրին ավելի մանրամասն կանդրադառնան ՍԴ աշխատակարգային որոշման սահմանված ժամկետներում հրապարակելուց և դրան ծանոթանալուց հետո։