Ամերիկյան Yahoo! ընկերությունը տեղեկացնում է Yahoo Groups վեբ-ֆորումների հարթակը փակելու մտադրության մասին։ Աշխարհում ամենամեծ ֆորումների համակարգը կտեղափոխվի ընթերցանության ռեժիմ, իսկ հետո ամբողջ կոնտենտը, որն ստեղծվել է ֆորումների օգտատերերի կողմից գրեթե երկու տասնամյակի ընթացքում, լիովին կոչնչացվի, գրում է Planet Today-ը։

Yahoo Groups սերվիսը, որը էլեկտրոնային փոստի եւ ֆորումի խառնուրդն է, ստեղծվել է արդեն հեռավոր 2001-ին, այն բանից հետո, երբ Yahoo! ընկերությունը ձեռք բերեց eGroups.com սերվիսը։ Այն միավորեցին Yahoo! սեփական արտադրանքի՝ Yahoo Clubs-ի հետ, եւ արդյունքում ի հայտ եկավ բոլորիս հայտնի հարթակը։

Yahoo Groups-ի գլխավոր խաղաթուղթը սերվիսի երկակի բնույթն է։ Այն միաժամանակ վեբ-ֆորումների համակարգ է եւ փոստային առաքման ցուցակներ, որոնք կարելի է կարդալ էլեկտրոնային փոստում։ Yahoo Groups-ի օգտատերերը կարող են ստեղծել քննարկումներ, որոնցում կարելի է բեռնել պատկերներ եւ մեդիա-ֆայլեր։ Խմբերում կարելի է կազմակերպել քվեարկություններ, օրացույցներ պահել, տվյալների շտեմարաններ եւ այլն։

Մի ժամանակ այդ հարթակը չափազանց պոպուլյար էր, բայց հետո դիրքերը զիջեց սոցցանցերի գրոհի ներքո։ Այժմ, ինչպես որոշել են Yahoo!-ի ղեկավարությունում, սերվիսը հնացել է վերջնականապես, ուստի կհանվի։ Հոկտեմբերի 28-ին ֆորումները կանցնեն «միայն ընթերցանության ռեժիմի», իսկ հետո՝ դեկտեմբերի 14-ին, ընկերությունը կհեռացնի օգտատերերի կուտակած ամբողջ կոնտենտը։ Մինչ այդ օրը օգտատերերը կարող են պահպանել իրենց նյութերը։