Սիրիայում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձությունները Արեւմուտքի եւ ՆԱՏՕ կոպիտ սխալն են, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մակրոնը մատնանշել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Թուրքիան ՆԱՏՕ անդամներ են։

«Բայց ես, ինչպես եւ բոլորը, Twitter-ի տեղեկություններից եմ իմացել, որ ԱՄՆ-ը որոշել է իր զորքերը դուրս բերել եւ ազատել գոտին։ Եվ ես հասկանում եմ, որ ՆԱՏՕ մեկ այլ պետություն որոշել է գրոհել նրանց դեմ, ովքեր եղել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի տարածաշրջանային գործընկերը»,- ասել է նա Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ կոպիտ սխալն է տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ դա երկար ժամանակով թուլացրել է մեր հեղինակությունը տեղում գործընկերների շրջանում, որոնք պայքարում են մեզ հետ։ Ես նաեւ կարծում եմ, որ դա հարցականի տակ է դնում ՆԱՏՕ գործառնությունը»,- ասել է Մակրոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուստի կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք հավաքվել եւ համախմբել մեր գործողությունները։ Առնվազն երեք եվրոպական երկիր (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) եւ Թուրքիան»,- ավելացրել է նա։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում գործողություն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։ Սիրիական իշխանությունները քանիցս դատապարտել են Թուրքիայի օկուպացիոն քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում։ Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի գործողություններից, որոնք կարող են կանգնել սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին, որը շարունակվում է 2011 թվականից։