Կուսակցությունների գործունեության համար շատ կարեւոր է ներքին ժողովրդավարության առկայությունը: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

Նա նշեց, որ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ քննարկվում են սահմանդրության, ընտրական օրենսգրքի եւ հանրաքվեների մասին օրենքների հետ կապված հարցեր, որոնք, նրա կարծիքով, միմյանց հետ կապակցված են:

«Մեր ստեղծած իրավական խճանկարից է կախված, թե արդյոք տվյալ կետի հարցով համաձայնության կհասնենք, թե՝ ոչ, քանի որ համամասնական համակարգը ենթադրում է կուսակցության մեկ տեսակ, իսկ մեծամասնական համակարգը՝ մեկ այլ տեսակ: Հուսալի համաձայնության հասնելու համար մենք պետք է ձեռքի տակ ունենանք այդ ամբողջ խճանկարը»,- նշեց Նահապետյանը: