Եկեղեցին եղել եւ մնում է ազգային արժեքների պաշտպանը, ժողովրդի միավորման կենտրոնը: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Դիլիջանում եկեղեցու հիմնաքարերի օծման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Անկախությանը նախորդող ժամանակաշրջանում՝ եկեղեցու համար ճգնաժամի փուլում, բազմաթիվ քաղաքներ մնացել էին առանց հոգեւոր կենտրոնների: Դիլիջանը պատկանում է այն քաղաքների թվին, որտեղ նույնպես ոչնչացվել են եկեղեցիները, սակայն, չնայած դրան, քաղաքն Աստծուց հեռացնել չի ստացվել: Հավատացյալ մարդու համար եկեղեցին ոչ միայն ճարտարապետական կառույց է, այն նախ հոգու մաքրման վայր է»,-նշել է Գարեգին Երկրորդը՝ հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ բազմաթիվ սերունդներ է կրթել:

Կաթողիկոսը երախտիք է հայտնել բարեգործներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, նրա տիկնոջն ու Վերոնիկա Զոնաբենդին եկեղեցու կառուցման մեջ իրենց ներդրման համար:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Դիլիջանում կայացել է եկեղեցու հիմնաքարերի օծման արարողությունը, որին ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը: