Դոնալդ Թրամփի խորհրդականներն առաջարկել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մի քանի տարբերակ, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այդ մասին ասվում է Newsweek կայքում հրապարակված հոդվածում:

Ինչպես պարբերականին հայտնել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, քննարկվող տակտիկաներից մեկը Օսմանյան Թուրքիայում միլիոնավոր հայերի եւ մյուս էթնիկ փոքրամասնությունների սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելու սպառնալիքն է:

Հոդվածում նշվում է, որ սենատորներ Բոբ Մենենդեզը, Թեդ Քրուզը, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Էլիզաբեթ Ուորենը եւ Քամալա Հարիսը, ինչպես նաեւ Թուլսի Հաբարդը քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի օգտին: Այդ հարցը սատարում է նաեւ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Նախագահին ներկայացվել են պատերազմական Սիրիայից զորքերի դուրս բերման մի քանի նախագծեր: Դրանք ներառել են տնտեսական եւ քաղաքական ճնշում ենթադրող միջոցառումներ, սակայն «դրա փոխարեն Թրամփը գերադասել է շուտափույթ նահանջելը երկու ուժերի միջեւ գալիք բախումից խուսափելու համար»:

Հոդվածում հիշատակվում է, որ «Թրամփը սպառնացել է բարձրացնել պողպատի սակագինը, ընդհատել 100 միլիարդ դոլարի չափով առեւտրային գործարքի բանակցությունները, սակայն չի օգտագործել Հայոց ցեղասպանության դիվանագիտական լծակը»:

Սակայն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հրադադարի մասին գործարքն ընդունվել է զգուշավոր սկեպտիցիզմով նրանց կողմից, ովքեր վախենում են, որ պատմությունը կկրկնվի: Newsweek-ին ուղղարկված Ամերիկայի Հայերի ասամբլեայի հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը կիսում է կոնգրեսականների մտահոգությունն այն մասին, որ ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները, ինչպես նաեւ մյուս էթնիկ փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերն ու ասորիները, գտնվում են վտանգի տակ:

«Միջազգային հանրությունը չպետք է մնա ստվերում եւ պարզապես հետեւի Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի սարսափելի չարագործություներին: Մեր պարտքն է պաշտպանել նրանց, ում կյանքը վտանգված է, եւ մենք պատասխանատու ենք թույլ չտալ վայրագությունների իրականացումը»,-հայտարարել են Ասամբլեայում: