Այսօր Երեւանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երեւան»։

«Էրեբունի - Երեւան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան։ Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում, ազգագրական՝ Նորք-Մարաշում,  ռոք՝  Նուբարաշենում, հեղինակ-կատարողները հանդես կգան Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում:

«Էրեբունի-Երեւան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաեւ պարգեւատրման արարողություն եւ մշակութային մաս։

Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է.  դրանք տասներկուսն են՝ Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի եւ Երեւան: 

Մ.թ.ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երեւանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարեւորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Հայաստանի մայրաքաղաքի անունը գալիս է դեռեւս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձեւափոխվել է եւ դարձել Երեւան: