Արհեստական բանականության անվտանգ օգտագործումը դեռ ապացուցված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Իլինոիս համալսարանի պորֆեսոր Նաիռա Հովակիմյանը` անդրադառնալով արհեստական բանականության կիրառմանը թռչող օբյեկտների բնագավառում: 

«Արհեստական բանականության անվտանգ օգտագործումը դեռ ապացուցված չէ: Արհեստական բանականությունը մեծ հաջողություն է գտել լեզվական խնդիրներում եւ պարզ հանձնարարություններում, իսկ որպեսզի թռչող օբյեկտներում եւ ինքնաթիռների վրա նա օգտագործվի ավելի ապահով թռիչքներ ստանալու համար, ես այս պահին չեմ կարող այդ հարցին հաստատակամ պատասխանել»,-ասաց նա:

Գիտնականն ասաց, որ վերջերս մի ծրագրի վրա են աշխատում, որով փորձում են արհեստական բանականության էլեմենտներ մտցնել, ավտոպիլոտն ավելի ապահով դարձնելու համար:

«Մենք փորձում ենք մի բան ստանալ, որը տեղում կկարողանա կողմնորոշվել` որն է խափանման պատճառը, որքան հնարավորություն է մնացել ինքնաթիռում այդ խափանումից հետո, ինչպիսի նոր ծրագիր կարող է ինքնաթիռն ինքն իրեն ձեւավորել, նոր ուղղությամբ թռչել եւ ինչ-որ մի տեղ վայրէջք կատարել պահով ձեւով»,-ասաց ն:

 Գիտնականի կարծիքով IT-ն այբուբենն է, եւ IT-ին պետք է վերաբերվել որպես այբուբենի, որն անհրաժեշտ է բոլոր բարձր տեխնոլոգիաներում եւ IT ունենալը պարզապես այն մինիմումն է, որն անհրաժեշտ է:

Նրա կարծիքով գյուղատնտեսությունում պետք է IT-ն կիրառվի. «Մենք պետք է հասկանանք, որ առաջին հերթին գյուղատնտեսությունում պետք է կիրառենք, քանի որ Հայաստանը եղել է եւ մնում է ագրարային երկիր, մեր գյուղատնտեսությունը պետք է շատ արագ տեմպերով առաջ գնա: Այսինքն մենք պետք է սովորենք` ինչպես անենք, որ մեր մի կտոր հողը ամենաարդյունավետ ձեւով մշակենք, որպեսզի մեր բերքահավաքը լինի բավականին առատ, որպեսզի մենք կարողանանք նախ ունենալ առողջ սնունդ եւ կարողանանք դա արտահանել եկամտաբեր ձեւով: Ինձ թվում է` գյուղատնտեսական տեխնոլոգիաների առումով ՀՀ-ն բավականին հետ է մնում եւ դրա ռեալ հնարավորությունը կա այս պահին մեծ քայլերով առաջ գնալու: Հուսամ Կառավարությունը կլսի սա»:

Նա նշեց, որ իրենք նաեւ աշխատում են մի ծրագրի վրա, որը կհեշտացնի տարեների կյանքը, նախագծում են փոքրիկ թռչող ռոբոտներ, որոնք կբերեն ակնոցը, կամ դեղահաբ, կարող են սեղանի տակից բարձրացնել ընկած պատառաքաղը եւ այլն: