FATF-ը (Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբ) Իրանին մինչեւ 2020-ի փետրվարը ժամանակ է տվել՝ կազմակերպության ֆինանսական ստանդարտներին համապատասխան փողերի լվացման դեմ պայքարի կանոնները խստացնելու համար

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե մինչեւ 2020-ի փետրվարը Իրանը միջոցներ չձեռնարկի, ապա կազմակերպությունն իր անդամներին եւ բոլոր իրավասու մարմիններին կոչ կանի արդյունավետ հակամիջոցներ կիրառել:

FATF-ը հիասթափություն է հայտնել, որ Իրանը մինչ այժմ չի ընդունել կազմակերպության ստանդարտները: Կազմակերպությունը նաեւ հույս է հայտնել, որ Թեհրանը «կընթանա բարեփոխումների ճանապարհով եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի փողերի լվացման դեմ եւ բարեփոխումներ կիրականացնի ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարում»:

Ավելի վաղ FATF-ը մի քանի անգամ երկարաձգել է իր հակամիջոցների ժամկետը, քանի որ Իրանի օրենսդրական մարմինը համապատասխան օրինագծեր է ընդունել: Անցած տարի հոկտեմբերին Իրանը հավանություն է տվել 4 օրինագծի, որոնք առաջադրել է կառավարությունը՝ FATF-ի ստանդարտներին համապատասխան:

Դրանից դեռեւս երկուսն են ուժի մեջ մտել, մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է: FATF-ի աջակիցները կարծում են, որ այդ միջոցը Իրանի համար ուղի կհարթի մնացած աշխարհի հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար: FATF-ը չի կարող պատժամիջոցներ սահմանել, սակայն առանձին ընկերություններ, որոնք FATF-ի անդամ են համարվում, խմբի զեկույցներն օգտագործել են որպես իրենց հակառակորդների դեմ պատժիչ միջոցներ: Արդյունքում Իրանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից պատժամիջոցների է ենթարկվել: