Քաղաքացիները հստակ պետք է գիտակցեն, որ այն գումարը, որ ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, նրանք դա վճարում են իրենք իրենց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գյումրիում Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմավարություն ասելով հասկացվում է վարչարարության, կառուցակարգերի, ծառայությունների մատուցման բարելավման խնդիրը: Բայց ես ուզում եմ ընդգծել քաղաքական մակարդակի խնդիրը, որը ձեւակերպում եմ հետեւյալ կերպ. ՊԵԿ-ի ոլորտում մեր ռազմավարական խնդիրն է փոխել քաղաքացու վերաբերմունքին իր վճարած հարկերի նկատմամբ, իր հարկային պարտավորությունների նկատմամբ: Բայց նաեւ պետք է արձանագրենք, որ սրա համար հարկային եւ մաքսային ծառայողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ, քաղաքացիների նկատմամբ:

Քաղաքացիները հստակ պետք է գիտակցեն, որ այն գումարը, որ ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, նրանք դա վճարում են իրենք իրենց, մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: Տարօրինակ կլիներ, որ ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ կառուցեր, դպրոց կառուցեր: Դա հնարավոր չէ: Այս գիտակցմանը հասնելու համար ՊԵԿ-ի նաեւ կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն»,-ընդգծեց Փաշինյանը: