Որեւէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գյումրիում Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս 1,5 տարվա ընթացում ստվերի դեմ պայքարում աննախադեպ ծավալի հաջողություններ ունենք:

«Բայց մենք դա ամենեւին էլ առավելագույնը չենք համարում: Մենք պետք է հետեւողականորեն շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը եւ այս ընթացում չպետք է մոռանալ, որ այո հարկերի հավաքագրման պրոցեսում եւ պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի եւ ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն»,-ասաց նա:

Վարչապետը նաեւ հավելեց, որ տնտեսական աճի եւ ակտիվության խթանումն ունի ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, այլ հոգեբանական բաղադրիչ. «Կարծում եմ՝ տնտեսվարող սուբյեկտների տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները հարկային եւ մաքսային մարմինների հետ: Ես համոզված եմ, որ այս շփման որակը գնալով ավելի ու ավելի կբարձրանա: Բոլորիդ քաջալերում եմ հստակ ու աներկբա շարժվել այդ ճանապարհով»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: