Հայաստանի ուժային եռամարտի եւ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին Երեւանի «Orange fitness» ակումբում մեկնարկել են սեղմում հենարանից վարժության եւ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունները (ֆոտոռեպորտաժ):

Առավոտյան մրցահերթում պայքարի մեջ են մտել հաշմանդամություն ունեցող մարզիկները: Առաջնությանը մասնակցում էին 97 հոգի Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: 

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է՝ Լեւոն Քոչարյանը:

«Սա մեր ֆեդերացիայի կազմակերպած արդեն 5-րդ միջոցառումն է եւ երկրորդը, որ անցկացնում ենք հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ: Այսօրվա Հայաստանի առաջնությունը մեծ կարեւորություն ունի հաշմանդամություն ունեցող մարզիկների համար: Հարթակ ենք ստեղծում նրանց համար դրսեւորվելու, բարձր արդյունքներ գրանցելու եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Փորձում ենք անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան՝ մրցավարության, մարզագույքի առումով եւ ընդհանուր կազմակերպվածությամբ: Ծրագրում ենք լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկների համար հնարավորություններ ստեղծել միջազգայն մրցահարթակներում հանդես գալ: Ուժային եռամարտում արդեն ունենք միջազգային մրցաշարում լավ արդյունք: Նախորդ ամիս Հայաստանն առաջին անգամ միջազգային Arnold Classic 2019 սեղմում հենարանից մրցաշարում ունեցավ մասնակից: Հայաստանի 2018 թվականի բացարձակ չեմպիոն Սամվել Ղազարյանը 190կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Գոհացնող է այս տարվա մասնակիցների քանակը. հաշմանդամային սպորտի Հայաստանի առաջնությանը մասնակցում է 50 մարզիկ, ուժային եռամարտի մրցումների կմասնակցեն շուրջ 90-ը: Մասնակիցների քանակը նախորդ տարիներից կրկնակի աճել է: Սա ցույց է տալիս, որ կա հետաքրքրություն մարզաձեւի հանդեպ»,- ասաց Լեւոն Քոչարյանը:

Ֆեդերացիայի նախագահը առաջնության հենց մեկնարկից հետեւում էր հաշմանդամություն ունեցողների եւ մարզիկների մրցելույթներին: Նրա հետ միասին մարզադահլիճում մրցմանը հետեւում է նաեւ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը:

«Հաշմանդամային սպորտը զարգացնելու համար յուրաքանչյուր նմանօրինակ միջոցառում կարեւոր է եւ գովելի: Մենք ամեն ինչ անում ենք, որ հաշմանդամային սպորտը զարգանա: Սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ եւ մեծ թվով հաշմանդամներ են մասնակցում: Ունենք մեծ թվով մասնակիցներ, իսկ միայն մեկ մարզաձեւից այսքան մասնակից ունենալն արդեն առաջխաղացում է հաշմանդամային սպորտում: Մարզիկների արդյունքներն աճում են եւ նոր նվաճումներ ենք ունենում»,- նշեց Սարգիս Ստեփանյանը:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ հավաքականի մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով, ՀՈՒԵՖ-ն Հայաստանում միակ ֆեդերացիան է, որ պաշտոնապես ճանաչված է միջազգային ֆեդերացիայի կողմից (IPF), որն էլ ընդունված է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից (ՄՕԿ):

«Մարզաձեւը Հայաստանում դեռեւս այդքան էլ մեծ տարածում չունի, բայց արդեն 3-րդ տարին անցկացնում ենք բաց առաջնություն եւ արդեն նկատվում է հետաքրքրություն մարզաձեւի նկատմամբ: Եթե նախկինում մասնակիցները քանակը քիչ էր, այս տարի միայն հաշմանդամություն ունեցող մասնակիցների թիվը հասնում է 50-ի: Նրանիցի 13-ը երկրի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մարզիկներ են եւ նրանց մասնակցությունը մեծ կարեւորություն ունի մեր մրցաշարում: Այդ մարդիկ բոլորին ապացուցում են, որ հայ զինվորի ոգին անկոտրուն է ինչպես թշնամու փոմփուշտից, այնպես էլ ֆիզիկապես:

Սկզբում մենք ունեինք քիչ մասնակից, այսօր մասնակիցների թիվը կրկնապատկվել է: Սա չի նշանակում, որ այս տղաները նոր են ձեռք բերել հաշմանդամություն եւ նոր են սկսել զբաղվել ուժային եռամարտով: Տարիների ընթացքում մարզաձեւը մասսայականություն է սկսում վայելել

Այս մրցումներից կազմվելու է հավաքական ու պատրաստվենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Մեր նպատակը մաքսիմալ հեռու գնալն է, մարզաձեւը Հայաստանում զարգացնելը»,-ասաց Սերգեյ Ասատուրովը:

15:00-ին կմեկնարկի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնությունը: