55-ամյա Ծաղիկ Ներսիսյանն ընտանիքի հետ ապրում է Հրազդանի Միկրոշրջանի տնակային թաղամասում՝ վագոն տնակում, սոցիալապես ծանր պայմաններում: 5 երեխա ունի՝ 3 տղա եւ երկու աղջիկ:

Տղաներից երկուսն իրենց ընտանիքների հետ առանձին են ապրում, երրորդ տղան կնոջ եւ երկու անչափահաս փոքրիկների հետ՝ իր մոտ:

Տիկին Ծաղիկի խնամքին են նաեւ առողջական խնդիրներ ունեցող երկու աղջիկները: Նրանք՝ 36 եւ 30 տարեկան, էպիլեպսիայով են հիվանդ: Աղջիկներից մեկն ունի նաեւ այլ հիվանդություններ՝ կրծքի ուռուցք, մանկամտություն:

7 հոգանոց ընտանիքն ապրում է 1 սենյականոց վագոն տնակում՝ զրկված կոմունալ եւ տարրական այլ պայմաններից:

Ընտանիքի մայրը  NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ անգամ լոգարան չունեն. տնակում մշտապես խոնավություն է, առնետները վխտում են, իսկ անձրեւների հետ կաթոցքներն են սկսում:

Նրա խոսքով, խնդիրներն այնքան շատ են, որ չեն կարողանում ելք գտնել.

«Ապրելու համար զրկված ենք տարրական պայմաններից: Մի կողմից աղջիկներիս հիվանդությունները, մյուս կողմից անվերջանալի թվացող խնդիրները…Տղաս բանվորություն է անում, որ կարողանանք ծայրը ծայրին հասցնել, բայց դա էլ միշտ չի լինում: Հեսա ձմեռ է գալիս: Փայտյա վառարան ենք օգտագործում, բայց նույնիսկ չենք կարողանում փայտ գնել, որ տաքանանք: Ստիպված ամբողջ օրը խանութներից յաշիկներ ենք կրում, բերում, որ վառենք, տաքանանք: Սնունդ եւ այլ անհրաժեշտ բաներ խանութից պարտքով ենք վերցնում, բայց էնքան պարտք ենք կուտակել, որ տակից չենք կարողանում դուս գալ»,-պատմեց տիկին Ծաղիկը՝ նշելով, որ պարտքերը միայն խանութներով չեն սահմանափակվում: Խնդիրներ ունեն նաեւ բանկերում:

Այս ընտանիքի խնամքին նաեւ երկու անչափահաս երեխաներ են, որոնց համար վագոն-տնակում անգամ խաղալու սեփական անկյուն չկա:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 77 43 41 հեռախոսահամարով՝ Լուսինեին: