Ցանկացած մատնահետք կարող է պիտանի լինել Galaxy S10 սմարթֆոնի ապաարգելափակման համար, խոստովանել է հարավկորեական Samsung Electronics-ը։ Ընկերությունը խոստացել է թողարկել ծրագիր, որը կուղղի այդ սխալը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Խոցելիության մասին հայտնի է դարձել բրիտանուհու շնորհիվ, որի ամուսինը իր մատնահետքով կարողացել է ապարգելափակումից հանել նրա հեռախոսը, նշում է BBC News-ը։ 2019թ․մարտին նոր սմարթֆոնի ներկայացման շրջանակներում Samsung-ը մատնահետքով նույնականացման տեխնոլոգիան հեղափոխական էր անվանել։

Սմարթֆոնի սքաները մատնահետքի ճանաչման 3D ուլտրաձայնային  տեխնոլոգիայի միջոցով նույնականացնում է օգտատիրոջը։

Հարավկորեական «ԿաԿաո» առցանց բանկը դիմել է իր հաճախորդներին՝ խնդրելով անջատել անձնական հաշիվներին հասանելիության համար մատնահետքերի ճանաչման գործառույթն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել։

Լիզա Նիլսոնն իր հեռախոսի համար գնել է գելային պաշտպանիչ թաղանթ, սքանավորել է աջ ձեռքի բութ մատը, իսկ հետո հայտնաբերել է, որ ձախ ձեռքի բութ մատով էլ կարող է հանել հեռախոսի արգելափակումը։ Երբ նա դիմել է ամուսնուն, պարզվել է, որ ամուսնու երկու ձեռքի մատնահետքերն էլ կարող են բացել իր հեռախոսը։

Ամուսինները փորձարկել են մեկ այլ հեռախոս, եւ արդյունքը նույնն է եղել։