Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում ընթանում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ararat Challenge-ը:

Արարողությունը, որի ընթացքում մեծարանքի կարժանանան 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարեւոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Ընտրող հանձնաժողովը կհայտնի դափնեկրի անունը, որին էլ կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Երեկոն կշարունակվի Մարիամ Մերաբովայի եւ Դանա Լեոնգի բացօթյա համերգով:

Նշենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր`  1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան եւ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձեւաչափով. 2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: