«Էրեբունի-Երեւանը» մեր ամենասիրելի տոներից մեկն է, իսկ Երեւանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետեւ Երեւանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երեւանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ժամանակակից Երեւանը, որ այսօր ունենք, սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին. «Ամեն դրված քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, մտածողության նոր կերպ եւ նոր ձեւ էր գտնում ու սահմանում ինքն իր համար:

Ես համոզված եմ, որ Երեւանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, պատրաստել հաղթանակների:

Այսօրվա Երեւանը նաեւ մի մեծ հարգանքի տուր է Թամանյանին, որոնք ստեղծել են նոր Երեւանի կերպարը: Երեւանը նաեւ հայահավաք գործառույթ է ունեցել: Այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Մանարյանին, որ ծնվել է Սփյուռքում եւ վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, եւ պարոն Պյատրովսկիին, որ ծնվել է Հայաստանում եւ այսօր ղեկավարում է աշխարհի ամենաշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում մեծ ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակից Հովսեփ Օրբելին:

Երեւանը հավաքել է բոլոր տեղերից, Հայաստանի բոլոր գյուղերից ու մարզերից:

Երեւանը իձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, ամբողջականության, ինքնության սիմվոլն է: Պատահաման չէ, որ հենց Երեւանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակաեւոր տեսարանի ամենահաջողված ռակուսրը. Դա տեսարան է դեպի մեր բիբլիական Արարատ սարը:

Մենք բոլորս սիրում ենք Երեւանը եւ Երեւանը սիրում է մեզ բոլորիս: Դա է պատճառը, որ ուր էլ գնանք, մեր ձգտումն է վերադառնալ Երեւան:

Սիրում եմ Երեւանը, սիրում եմ երեւանցիներին»,-ընդգծեց վարչապետը: